ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) հերթական տրանշը կստանա այս տարվա դեկտեմբերի կեսերին՝ Stand–By վարկային համաձայնագրի շրջանակներում: Ինչպես հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից, գումարի տրամադրման վերաբերյալ դրական եզրակացություն է տվել հիմնադրամի առաքելությունը, որը համաձայնագրի շրջանակներում Հայաստանում հերթական ստուգատեսն է անցկացրել:
Իր եզրակացությունը ԱՄՀ առաքելությունը կփոխանցի հիմնադրամի գործադիր խորհրդին, որն էլ այն կքննարկի դեկտեմբերի կեսերին: Տրանշի գումարը կազմում է 24,5 մլն դոլար։ Այսպիսով, վարկի շրջանակում Հայաստանի վճարումները կկազմեն 122,7 մլն դոլար։ 2022 թվականի դեկտեմբերին ստորագրված վարկի ընդհանուր գումարը կազմում է մոտ 170 մլն դոլար։ Վարկը նախատեսված է բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար։
Առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ–ն աճել է 6,5 %–ով՝ հիմնականում ապրանքների և ծառայությունների ներքին (ոչ արտահանման) պահանջարկի հաշվին։
2022–23 թթ. տնտեսական աճից հետո ԱՄՀ–ն 2024 թ. արդյունքներով ակնկալում է 6 % աճ, 2025 թ.՝ 4,9 %։ Գնաճը սպասվում է ցածր մակարդակում, բայց աստիճանաբար կմոտենա ԿԲ–ի նպատակային ցուցանիշներին 4+/- 1,5 %։
2025 թ. բյուջեի նախագծում ծախսերի զգալի աճ է արձանագրվել, այդ թվում՝ ազգային անվտանգության ամրապնդման և փախստականների ինտեգրման ուղղությամբ (տեքստում օգտագործվում է հենց այս տերմինը–խմբ): ՀՀ տնտեսության եկամուտները չեն շարունակում աճել նույն տեմպերով, այլ կայունանում են, և դա վերաբերում է զբոսաշրջիկների ներհոսքին ու դրամական փոխանցումներին։ ԱՄՀ եզրակացության մեջ նաև նշված է, որ շատ կարևոր է շարունակել բարելավել հարկերի հավաքագրումը և ծախսերի պլանավորումը:
Նշվում է, որ ՀՀ կառավարության պարտքը 2023 թ. արդյունքներով մնում է ՀՆԱ–ի 48,4 %–ի չափավոր մակարդակում։