ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Մաքսային և սահմանային հսկողության գործառույթները պետք է լինեն լիարժեք և ինքնիշխան, որի պարագայում Հայստանը պատրաստ կլինի շարունակել քննարկումնները։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հանձնաժողովի աշխատանքները առաջ չեն գնում։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից:
«Մենք ցանկություն ունենք շարունակել, և հրապարակել ենք մեր ցանկությունը»,– ասաց նա։
Փոխվարչապետը հավելեց, որ արդյունքում երրորդ երկրի ուժերը մեր երկրում անվտանգության գործառույթ չեն իրականացնի։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՌԴ ԱԴԾ ներկայացուցիչներին կարող է տրամադրվել միայն Սյունիքում ճանապարհի մոնիտորինգի գործառույթը, Գրիգորյանը հայտարարեց, որ կախված է նրանից, թե ինչու է դա արվում:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, տրանսպորտային կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։