ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik, ԽԱչիկ Չախոյան. Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը և Հայկ Խլոյանը դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ:
72կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանը իր ելույթները սկսեց որակավորման փուլից, որում 10։0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ տարավ շվեյցարացի Մայքլ Պորտմանի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում էլ մեր ըմբիշը հաղթեց ժամանակից շուտ` այս անգամ 9։0 հաշվով առավելության հասնելով ճապոնացի Կենսակու Օնոյի նկատմամբ։ Նույն հաշիվը Խաչատրյանի օգտին գրանցվեց նաև քառորդ եզրափակիչում, որում Շանթը հաղթեց իրանցի Սեյեդ Սոհրաբիին։ Իսկ կիսաեզրափակիչում Շանթ Խաչատրյանն արդեն իր համար ավանդական դարձած 9։0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց շվեդ Գեորգիոս Բարբանոսին։ Շանթ Խաչատրյանը 4 գոտեմարտ անցկացրեց ու ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին։
Վաղը աշխարհի չեմպիոնի կոչման համար գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցն է լինելու վրացի Գիորգի Չխիկվաձեն։
97կգ քաշային կարգում Հայկ Խլոյանը որոկավորման փուլում 5։3 հաշվով հաղթանակի հասավ գերմանացի Անտոն Վյուվեգի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում Հայկը ժամանակից շուտ պարտության մատնեց ղազախ Բեյբիտ Կոլգանովին, իսկ քառորդ եզրափակիչում բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով պարտության մատնեց ղրղըզ Նուրմանբետ Ռայմալի Ուուլուին։ Կիսաեզրափակիչում դժվար ու ծանրագույն գոտեմարտում Հայկը, ուժերի գերլարումով հաշվի հավասար պայմաններում, 3։3 հաղթանակի հասավ Ռուսաստանը ներկայացնող ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի հետ։ Վաղը ոսկե մեդալի համար գոտեմարտում Խլոյանի մրցակիցը լինելու է Բելառուսի ներկայացուցիչ Աբուբակար Խասլանխանովը։
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ՝ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) սփոփիչ գոտեմարտերի իրավունք և բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորություն են ստացել:
Նշենք, որ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 21–ին Տիրանայում և կավարտվի հոկտեմբերի 27–ին: