Բայդենը Պուտինի հետ շփում չի ունեցել ԱՄՆ նախագահի ընտրությունների նախաշեմին. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ շփում չի ունեցել: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահ Բայդենը Վլադիմիր Պուտինի հետ որևէ ուղիղ շփում չի ունեցել»,-ասել է Կիրբին ճեպազրույցի ընթացքում:
Ընդ որում` ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ-ն «շատ հստակ» հասկացրել էր Ռուսաստանին, որ թույլ չի տա ընտրական գործընթացին միջամտելու որևէ փորձ և «համոզվել է, որ այդ ուղերձը հասել է հասցեատիրոջը»։
ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին: Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետականը` նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: