ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները շարունակում են աշխատել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄԷ-ի նախագահ, շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։
«ԱՄԷ-ն շարունակում է ԵԱՏՄ-ի հետ համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները։ Համաձայնագիրը միավորման երկրների հետ տնտեսական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ մեծ և կարևոր քայլ կլինի»,-ասել է ԱՄԷ նախագահը։
ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները սկսվել են 2023 թվականի մարտին, այս ընթացքում կողմերը մի շարք խորհրդակցություններ են անցկացրել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը, փաստաթուղթը, ի թիվս այլ հարցերի, կկարգավորի սակագների ազատականացումը, մաքսային համագործակցությունը, էլեկտրոնային առևտրի հարցերն ու ներքին շուկաների պաշտպանությանն ուղղված միջոցառումները:
Մի քանի տարվա ընթացքում ԱՄԷ-ն համապարփակ տնտեսական գործընկերության մասին ավելի քան 10 համաձայնագիր է կնքել, այդ թվում՝ Իսրայելի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Քենիայի և Թուրքիայի հետ: ԵԱՏՄ-ն իր հերթին վերջին տարիներին առևտրային համաձայնագրեր է կնքել Սինգապուրի, Վիետնամի, Սերբիայի և Իրանի հետ: Գրեթե պատրաստ են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի և Եգիպտոսի հետ համաձայնագրերը։