1 ոսկի, 3 արծաթ. Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանը ներկայացնող Ռուսլան Ասլիկյանն էլ արծաթ է նվաճել` առաջին հորիզոնականը զիջելով Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայազգի բռնցքամարտիկ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթանակ է տարել ադրբեջանցից Նիջաթ Հուսեյնովի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշենք, որ այսօր ԵԱ–ի մրցումային վերջին օրն է։ Տղաների 13 քաշային կարգերից 4-ում Հայաստանն ունի եզրափակիչի մասնակից։
«Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Նա ստացել է մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ»,– ասված է հաղորդագրությունում։
Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանը ներկայացնող 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն էլ արծաթ է նվաճել` համառ մենամարտում առաջին հորիզոնականը զիջելով Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանին։
60 կգ քաշային Արթուր Սահակյանը նույնպես արծաթ է նվաճել։ Նա մրցում էր բուլղարացի Ռադոսլավ Ռոսենովի հետ։
Եվ վերջապես եզրափակիչում մեր վերջին մասնակիցը Հարություն Հակոբկոխյանն էր, որը 67 կգ քաշային կարգում մենամարտեց ուկրաինացի Դանիլո Լոզանի հետ։ Նա նույնպես արծաթե մեդալ նվաճեց։
Հարություն Հակոբկոխյան, Արթուր Սահակյան, Ռուսլան Ասլիկյան
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկ 21-ամյա Էլիդա Քոչարյանն էլ հոկտեմբերի 19-ին 60 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկում էր ուկրաինուհի Տատյանա Դովգալի հետ։ Համառ ու դժվարին մենամարտի երրորդ ռաունդում նա գերազանցեց մրցակցին ու հաղթանակ տարավ։