Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Բեյրութի հիվանդանոցներից մեկին

Բեյրութի հարավային արվարձանը շաբաթ օրը 10 անգամ հարձակման է ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկու հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Բահման հիվանդանոցի մերձակայքի Հարեթ-Հրեյք թաղամասին, հաղորդում է NNA լիբանանյան ազգային գործակալությունը։
Շաբաթ օրը ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանը տասն անգամ ենթարկվել է իսրայելական օդուժի ավիահարվածներին, ինչի հետևանքով մի քանի բնակելի շենք է քանդվել։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը: