ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Իրանի իշխանությունները ձեռնամուխ են եղել արևելյան սահմաններին արգելապատնեշների կառուցմանը` անվտանգության ոլորտում ռիսկերը նվազեցնելու նպատակով, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Ըստ զինվորականների և անվտանգության ծառայությունների գնահատականների` ամենախնդրահարույց շրջանները Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմաններն են, որոնց բաժին է ընկնում դեպի Իրան թմրանյութերի հոսքի 80 տոկոսը»,-հայտարարել Է բրիգադի գեներալ Ահմադ Ալի Գուդարզին:
Նա պարզաբանել է, որ նախագծի նպատակը, բացի թմրամիջոցների ներհոսքի դեմ պայքարից, վառելիքի և ապրանքների մաքսանենգությունը կանխելն է, անօրինական միգրացիային հակազդելը: Նրա խոսքով` պարիսպների կառուցումն արդեն սկսվել է Սիստան և Բելուջիստան և Խորասան-Ռեզավի գավառներում, իսկ հաջորդ փուլը կլինի արևմտյան սահմանների ամրապնդումը` Իլամ, Քուրդիստան և Արևմտյան Ադրբեջան գավառներում։
Սեպտեմբերին հաղորդվել էր, որ Թեհրանն ավարտել է Աֆղանստանի հետ սահմանին պարսպապատի 10 կիլոմետրանոց հատվածի կառուցումը: Իրանական ԶԼՄ-ները նշում էին, որ սահմանի ամրապնդման համար նախատեսվում է ծախսել ընդհանուր առմամբ մոտ 3 մլրդ դոլար։