«ՀՀ–ն չպետք է Արցախն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ ստորագրի. «ՀայաՔվե»

«ՀայաՔվեն» վստահեցնում է` ՀՀ իշխանություններն իրենց քայլերով լեգիտիմացնում են Արցախի օկուպացիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել «ՀայաՔվե» նախաձեռնությունը։
«Արցախի օկուպացիան ՀՀ իշխանությունների կողմից չի արձանագրվել, չի դատապարտվել, ընդհակառակը՝ լեգիտիմացվում է։ Մասնավորապես, 2023 թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը կոնկրետ սահմաններում՝ 86 600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը լեգիտիմացնող քայլ է։
ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թ․ հուլիսի 8-ին ընդունել է որոշում, ըստ որի Հայաստանը պետք է հետևողականորեն սատար կանգնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև ՀՀ–ի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ–ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»,– ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ Ժնևում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հաստատման հարցում համաձայնության հասնելու շեմին են։ Ներկայում երկու երկրին էլ ամբողջությամբ համաձայնության են եկել 16 կետից 13-ի շուրջ։ ՀՀ իշխանությունները պարբերաբար նշում են, որ պատրաստ են հենց վաղն էլ ստորագրել փաստաթուղթը, իսկ մյուս 3 կետի շուրջ ընթացքում համաձայնության կգան։