ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է քանդակագործ նկարիչ Արտո Չաքմաքչյանի 16 գրաֆիկական ստեղծագործություններով և 2 քանդակով։ Տեղեկությունը հայտնում է պատկերասրահի մամուլի ծառայությունը։
«Արտո Չաքմաքչյանի այրին՝ Նաիրի Պահլավունի-Չաքմաքչյանը, մեծ արվեստագետի ստեղծագործությունները նվիրեց Հայաստանի ազգային պատկերասրահին»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվում են և՛ հայկական, և՛ ռուսական, և՛ եվրոպական հավաքածուներ, ինչպես նաև դեկորատիվ կիրառական քանդակներ։
Հիշեցնենք, որ Արտո Չաքմաքչյանը, որի իսկական անունը Հարություն է, ծնվել է 1933 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, մահացել է 2019 թվականին Կանադայում։
Չաքմաքչյանը 1960-ականներին առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը։ Դեկորատիվ–կիրառական քանդակներից են «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք»։ 1970-ականներից էլ արվեստագետի ստեղծագործություններում ի հայտ են եկել վերացական ձևերով ընդհանրացված խորհրդանշական գործեր և գրաֆիկական շարքեր։