Երևանում հայ–ռուսական հարաբերություններին և Երևանի բերդի ազատագրման տարեդարձին նվիրված երթ է անցկացվում։ Միջոցառումը նախաձեռնել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։
Երթը կրում է «Բարեկամության պատմություն» խորագիրը։
Կոմս Իվան Պասկևիչի հուշարձանը
© Photo
Մասնակիցները ծաղիկներ են դրել գեներալ, կոմս Իվան Պասկևիչի հուշարձանի մոտ։ Այս վայրում 1827 թվականին ամրոցի պաշարման ժամանակ տեղակայված էին ռուսական մարտկոցները և շտաբը։
Կոմկուսի ղեկավար Երջանիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք մշտապես կողմ են արտահայտվում Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելուն և դրան ուղղված քայլեր են ձեռնարկում։
«Հայ–ռուսական հարաբերություններն այսօր գոհացուցիչ չեն, դեպի անկում է գնում։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի ապագան և անվտանգությունը կապված է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու հետ։ Ոչ թե պետք է եղածն ուղղակի պահել, այլ պետք է զարգացնել դրանք բոլոր ուղղություններով` ռազմական, մշակութային, քաղաքական, հումանիտար, սոցիալ–տնտեսական և այլն։ Միայն ԵԱՏՄ–ում Հայաստանի անդամակցությունից 14 մլրդ դրամ եկամուտ կարող է լինել, իսկ Եվրոպան և ԱՄՆ–ն թշնամանք են սերմանում Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի տարածաշրջանից այդ երկիրը դուրս մղեն»,– նշեց Ղազարյանը։
Կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց համակիրները Շահումյանի հրապարակից Հանրապետության հրապարակով երթով շարժվեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն:
Կուսակցության ներկայացուցիչները վստահ են, որ ավելի քան 1000 տարվա ընթացքում Հայաստանն ու Ռուսաստանն չափազանց սերտ են միահյուսվել մի շարք արժեքների և հավատքի շուրջ, և դրանք հնարավոր չէ խզել։
Հիշեցնենք, որ 1827 թվականի հոկտեմբերի 13-ին ռուսական զորքերը լեգենդար գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ 7–օրյա գրոհից հետո գրավել են Երևանի ամրոցը` հետ վերցնելով քաղաքը պարսիկներից։
Կոմկուսը երթ է իրականացնում
© Photo