ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է Իրանի համար կամուրջ դառնալ դեպի ԵԱՏՄ շուկա և դառնալ հյուսիսը հարավին ու Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգույց։ Այս մասին «Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։
Նրա խոսքով` Երևանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ինչն ամրագրված է 2021-2026 թթ. ծրագրում։ Ընդ որում, համապատասխան քաղաքական կամք և պատրաստակամություն ունի նաև Իրանը։
Դիվանագետը նշել է, որ երկրների միջև տնտեսական ոլորտում իրականացվում են բազմաթիվ նախագծեր, իրականացվում են նաև ենթակառուցվածքային նախագծեր:
«Այդ փոխգործակցության շրջանակում իրանական ընկերությունների մասնակցությամբ ընթանում են Հյուսիս-Հարավ ճանապարհատրանսպորտային նախագծի Քաջարան–Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները։ Հիմնվող այս նախագիծն ունի նաև ռազմավարական, տնտեսական, քաղաքակրթական ու մշակութային մեծ իմաստ։ Այն դառնալու է հյուսիսը հարավին և Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգուցային կետերից մեկը»,– ասել է դեսպանը։
Ավագյանն ընդգծել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հաջորդ քայլը տրանսպորտային թողունակության մեծացումն ու 2 պետության տարանցման մեծ ներուժից օգտվելն է։ Այս նպատակին հասնելու համար կարևոր է մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ազատ ելումուտը Հայաստան և Իրան ապահովելուն միտված գործնական քայլերի իրականացումը, ինչպես նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը, որը ևս պատվիրակվել է իրանական ընկերությանը։
Երկու պետությունների միջև սերտ համագործակցություն է ընթանում նաև էներգետիկ ոլորտում։ Իրանում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ երկկողմ փոխգործակցության նշանակալի ձեռքբերումներից էր 2023 թվականին ստորագրված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագիրը։ Այն հնարավորություն է ընձեռելու մեծացնել ԻԻՀ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ զուգահեռաբար ստանալով առավել մեծ քանակի գազ։
Դիվանագետն անդրադարձել է նաև էներգետիկ բնագավառի փոխգործակցությանը՝ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքներին։
Նա ընդգծել է, որ Իրանը գործնական քայլեր է կատարում այդ ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ։