Հայաստանն անընդունելի է համարում արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը

Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը Հայաստանի համար կարևորագույն առաջնահերթություն է ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն անընդունելի է համարում արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը, իսկ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է գտնվի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, գործի հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Այս մասին «Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը մեկնաբանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի հայտարարությունները։
Նրա խոսքով՝ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարևոր երաշխիք:
«Հայաստանի այս պատկերացումները ոչ միայն լիարժեք փոխըմբռնման են արժանացել Իրանում, այլև Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ»,-- նշել է Ավագյանը:
Դիվանագետը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը: Ավելին, Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովել հենց այն պայմաններով, որոնք ապահովում է Իրանը։
Նա նաև անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որն ուղղված է տնտեսական ուղիների ապաշրջափակմանը, տարածաշրջանի երկրների տարանցիկ ներուժի մեծացմանը, ինչպես նաև նոր կապերի ստեղծմանը և երկարաժամկետ ու կայուն խաղաղության հաստատմանը: Այն ենթադրում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկում և զարգացում՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման, կառուցման և շահագործման միջոցով։ Դա թույլ կտա նաև երկաթուղային հաղորդակցություն սկսել Հայաստանի բարեկամ Իրանի հետ։

«Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը կարևորագույն առաջնահերթություն է Հայաստանի համար, որը քաջ գիտակցում է խաղաղության և տարածաշրջանային կայունության արժեքը, որոնց հասնելու համար ջանք չի խնայում»,- ասել է նա:

Ավագյանը պարզաբանել է, որ տարածաշրջանային խաղաղությունը ենթադրում է հավաքական պատասխանատվություն, Հայաստանն այս առումով իր վրա է վերցրել իր բաժինը և կոչ է անում այս հարցում շահագրգիռ մյուս խաղացողներին անմասն չմնալ:
Դիվանագետը նշել է, որ վերջին երկու տարում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են «Խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների մասին» համաձայնագրի մեծ մասը: Երևանն առաջարկում է հնարավորինս սեղմ ժամկետներում ստորագրել փաստաթղթի նախագծի դրույթները, որոնք այս պահին արդեն համաձայնեցված են, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները փոխադարձ կարևորություն ներկայացնող բոլոր հարցերի լուծման համար:
Հայաստանը կարող է Իրանի համար կամուրջ դառնալ դեպի ԵԱՏՄ շուկա. դեսպան