Ստամբուլում «3+3» հարթակի 3-րդ հանդիպման մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունել

«3+3» հարթակի 3-րդ հանդիպման մասնակիցները
Մասնակիցները պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Ստամբուլում անցկացված «3+3» ձևաչափի տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունել։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հրապարակել է փաստաթուղթը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին պայմանավորվածություն են ձեռք բերել 13 կետի շուրջ։
Մասնավորապես.
Ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում հերթական հանդիպման անցկացման կարևորությունը ներկայիս բարդ զարգացումների պայմաններում, որոնք սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը և կայունությանը, և պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «3+3» ձևաչափի շրջանակներում։
Վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` հիմնված ՄԱԿ կանոնադրության բոլոր սկզբունքների վրա:
Գոհունակությամբ արձանագրել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։
Համաձայնել են, որ երկկողմ բանակցությունները լրացնելու են կայուն տարածաշրջանային խաղաղության և տնտեսական զարգացմանն ուղղված բազմակողմ խորհրդակցությունները։
Մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի առնչությամբ և խստորեն դատապարտել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների կոպիտ խախտումները, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, և կոչ արել հարգել միջազգային իրավունքը, կրակի անհապաղ դադարեցման և տուժածների համար մարդասիրական աջակցությանն անխոչընդոտ հասանելիության միջոցով վերջ տալ բոլոր ագրեսիաներին և վայրագություններին:
Մասնակիցները նաև փաստաթղթում վերահաստատել են, որ «3+3» հարթակի դռները միշտ բաց կլինեն Վրաստանի միանալու համար։
Համաձայնագրում նշվում է, որ հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։
Հիշեցնենք` «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը հոկտեմբերի 18-ին կազմակերպվեց Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չմասնակցեց քննարկումներին։