ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հաշվի առնելով Գազայի ճգնաժամի տարածման վտանգը` Իրանը պատրաստ է տարածաշրջանում իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Տարածաշրջանում պատերազմի տարածման լուրջ վտանգ կա։ Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց պատրաստ ենք իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի», - ասել է նա։
Արաղչիի խոսքով՝ իսրայելական ռեժիմն իր կատարած ռազմական հանցագործություններում սահմաններ չի ճանաչում:
Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը հանդես է գալիս Գազայի հատվածում և Լիբանանում անհապաղ հրադադար հաստատելու օգտին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին Իրանը պատմության մեջ երկրորդ անգամ զանգվածային հրթիռակոծության ենթարկեց Իսրայելը՝ դա անվանելով ինքնապաշտպանության գործողություն։ Իսրայելցի զինվորականները հայտարարեցին, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է որսալ։ Ըստ Իսրայելի իշխանությունների` հրթիռակոծության հետևանքով զոհեր չեն գրանցվել։ Մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ Հորդանան գետի արևմտյան ափին մեկ մարդ է մահացել, որը ենթադրաբար պաղեստինցի է (Գազայի հատվածից):