ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալվել են։ Լուրը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ երեկ երեկոյան՝ 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են կուսակցության անդամների մեքենան։ Դրանից հետո բերման են ենթարկվել ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը, Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ։
Կուսակցությունը վստահեցնում է, որ նրանք բերման են ենթարկվել բռնի ուժի կիրառմամբ և տեղափոխվել Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին:
Ձերբակալված 8 անդամներից 3-ը աղջիկներ են:
Կուսակցությունից հայտնում են, որ նրանց հնարավորություն չի տրվել կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ:
Հիշեցնենք, որ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանը ձերբակալվել էին նաև օգոստոսին, այնուհետև ազատ էին արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել էր, որ նրանք ձերբակալվել էին կասկածանքով։ Սարգսյանն այլ մանրամասներ չէր հայտնել։