ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին: Այդ մասին նա խոսել է Անդրկովկասում համագործակցության զարգացման «3+3» տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցներին հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ստամբուլում՝ Դոլմաբահչե նստավայրում (կառուցվել է 19-րդ դարի առաջին կեսին հայ ճարտարապետ Կարապետ Բալյանի կողմից –խմբ․):
Վրաստանի ներկայացուցիչը չի մասնակցել հանդիպմանը։
«Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս այն հարթակին, որը ստեղծվել է տարածաշրջանային խնդիրները երկխոսությամբ լուծելու նպատակով, և ուրախալի է, որ Հարավային Կովկասը դեմքը դարձնում է դեպի կայուն խաղաղություն», - հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից:
Նշելով, որ Թուրքիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին՝ Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանում իրադարձությունների զարգացումն անհրաժեշտ է դարձնում համագործակցության և համերաշխության ամրապնդումը, և որ տվյալ հարթակի վերափոխումը ինստիտուցիոնալ կառույցի ավելի արդյունավետ կդարձնի երկխոսության մեխանիզմը:
2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ ձեռնամուխ են եղել խաղաղության պայմանագրի քննարկմանը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի տարածքը։