ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի 50–ամյա բնակիչը առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ու իրացմամբ է զբաղվել։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ տղամարդն իր բնակության վայրում թմրամիջոց աճեցնելու և թմրանյութ պատրաստելու համար լաբորատորիա է հիմնել և թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ է զբաղված:
«50–ամյա տղամարդու տանը և դրան կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են պլաստմասե և ապակե տարաների մեջ լցված թմրամիջոցներ, ներարկիչներ՝ լցված թմրամիջոցի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաև ընդհանուր 85 հատ կապույտ և սպիտակ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված զանգվածներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հայտնաբերվել և վերցվել են փաթեթավորման հարմարանքներ՝ փոքր չափերի պոլիէթիլենային տոպրակներ, կապույտ և սպիտակ գույնի կպչուն ժապավեններ, թմրամիջոցի պլաստմասե և ապակե տարաներ, համակարգիչներ, ձեռնոցներ, ներարկիչից, կաթիլայինից և պլաստմասե տարաներից բաղկացած ինքնաշեն գործիք, բջջային հեռախոսներ, մեծ չափի գումար և այլն:
Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը, ծագումը և պատրաստման եղանակը պարզաբանելու համար նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական համալիր փորձաքննություն։
Ըստ փորձաքննության արդյունքների՝ հայտնաբերված զանգվածների մի մասը հանդիսանում է մեֆեդրոն թմրամիջոց, մյուսների մասով փորձաքննությունը շարունակվում է։
«Կոտայքի մարզի 50–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նախաքննությունը շարունակվում է։
Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու, դրանց ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։