ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի երկրները մյուսներից լավ գիտեն իրենց խնդիրները և կարող են ինքնուրույն լուծել դրանք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում «3+3» հարթակի նիստի բացման ժամանակ։
«Մեր տարածաշրջանում ընթացող բուռն գործընթացները, պատերազմները, հումանիտար աղետը և դաժանության պարույրը, որն Իսրայելը ստեղծել է Մերձավոր Արևելքում, ևս մեկ անգամ հաստատում են տարածաշրջանային մակարդակով երկխոսության և համագործակցության կարևորությունը: Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ մեր մոտեցումը հիմնված է տարածաշրջանային պատասխանատվության ըմբռնման վրա։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային երկրներն ավելի լավ գիտեն և կարող են լուծել տարածաշրջանային խնդիրները», – ասել է նա։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ հանդիպման ավարտին ակնկալվում է համատեղ հռչակագիր ընդունել։
Հիշեցնենք` «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվել է Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցում քննարկումներին։ Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։
Երևանի ժամանակով 17:00-ին նախարարները հանդիպելու են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։