ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում` «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակում, այսօր երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր:
Նախարարները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
«Հարավային Կովկասում կայունության ապահովման տեսլականի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությանը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը վերահաստատվել է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա։
Նշենք, որ «3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվել է Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցում քննարկումներին։