Ռուսական մարդասիրական առաքելությունը կուսուցանի՝ ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել

Նմանատիպ առաջին դասընթացն անցկացվել է Մոսկվայում 2024 թվականի ամռանը ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. «Առաջին բուժօգնությունն արտակարգ իրավիճակների դեպքում» ուսուցողական դասընթաց կանցկացվի ՀՀ Սյունիքի և Արարատի մարզերում ՀԿ–ների կամավորների և աշխատակիցների համար։
Կազմակերպիչը «Ռուսական մարդասիրական առաքելություն» (ՌՄԱ) ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունն է «Սրտերի վերածնունդ» բարեգործական հիմնադրամի հետ միասին, որոնք հանրապետությունում առաջին տարին չէ, որ մարդասիրական նախագծեր են իրականացնում։
«Երկու մարզ է առանձնացվել, որտեղ պահանջարկն առավել մեծ է եղել։ Այստեղ պատրաստ են գալ նաև մասնակիցներ այլ մարզերից։ Դասընթացը կանցկացվի Գորիսում և Մասիսում»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՌՄԱ առաջատար փորձագետ Վիկտորյա Բիլոուսովան։
Նրա խոսքով` նախագիծը կրթական բնույթ է կրում, մասնագետները կսովորեցնեն ցուցաբերել առաջին բուժօգնությունը։ Նրանք վստահ են, որ այդ հմտություններն անհրաժեշտ կլինեն ոչ միայն արտակարգ իրավիճակների դեպքում, այլև առօրյա կյանքում։ Նախագծի մասնակիցները կամավորներ են, երեխաների և դեռահասների հետ աշխատող ՀԿ–ների աշխատակիցներ։
Վիկտորյա Բիլոուսովա
Նմանատիպ առաջին դասընթացն անցկացվել է Մոսկվայում այս տարվա ամռանը ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար։ Թրեյնինգի շրջանակում ուսումնասիրվել են առաջին բուժօգնության տրամադրման հիմունքները։
Դասընթացի ղեկավար, ՌԴ ԱԻՆ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վիկտոր Բելինսկին նշեց, որ չորս օրերի ընթացքում պարապունքներ կանցկացվեն 20-ական հոգուց բաղկացած երկու խմբերի համար։
«Փորձել ենք առավելագույնս հարմարեցնել դասընթացը մարզի կարիքներին։ Թրեյնինգի շրջանակում կաշխատենք հնարավորինս անդրադառնալ ինչպես տեսությանը, այնպես էլ գործնական աշխատանքին առնչվող հարցերի», – ասաց Բելինսկին։
Վիկտոր Բելինսկի
Նրա խոսքով` խումբն իր հետ բերել է բոլոր նյութերն ու տարրերը, որոնք անհրաժեշտ կլինեն դասընթացի ժամանակ օգտագործելու համար։ Դասընթացը բաժանված է երկու մասի` գործնական և տեսական։ Կներկայացվեն բուժօգնության ցուցաբերման կլինիկական օրինակներ։ Ներգրավվելու են դասընթացի բոլոր մասնակիցները։
Բելինսկին պարզաբանել է, որ կառանձնացվեն առավել արդիական հարցեր, որոնք հետագայում կքննարկվեն արտակարգ իրավիճակներում զանգվածային օգնություն ցուցաբերելու ժամանակ։
Նա նաև խորհուրդ է տալիս տեխնածին կամ այլ բնույթի արտակարգ իրավիճակների սպառնալիքի դեպքում ունենալ որոշակի հավաքածու`պատրաստած փաստաթղթերով, նվազագույն քանակի տաք հագուստով և դեղորայքով։
Անի Միշել
«Սրտերի վերածնունդ» ԲՀ–ի ղեկավար, Հայաստանում ՌՄԱ–ի համակարգող Անի Միշելը նշեց, որ Հայաստանում նման դասընթացներն արդիական են` քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ցանկացած իրավիճակի։
Հիշեցնենք, որ Ռուսական մարդասիրական առաքելությունը 2017 թվականից Հայաստանում պարբերաբար պրոֆիլային միջոցառումներ է անցկացնում ուսուցիչների և դասախոսների համար։