ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կարող է ստեղծվել Երևանից դեպի Շիրակի մարզի Անիպեմզա գյուղ զբոսաշրջային նոր երթուղի՝ ներառյալ Երերույքի տաճարը։ ՀՀ Շիրակի մարզ կատարածայցի ընթացքում նման առաջարկով է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ծանոթացել է Երերույքի տաճարի ամրացման և տեսքի վերականգնման նախնական ծրագրին։ Նա խոստովանել է, որ առաջին անգամ է այստեղ։
Նիկլո Փաշինյանը վստահ է, որ այս տարածքը, գյուղն ու տաճարը հիանալի վայր կարող են լինել զբոսաշրջիկների այցելության համար։ Փաշինյանն էլ իր հերթին հավելեց, որ տարածքում անպայման պետք է QR կոդեր լինեն, որպեսզի զբոսաշրջիկների համար տեղեկությունների ստացումն ավելի մատչելի լինի, կարողանան սկանավորել և էլեկտրոնային ուղեցույցի օգնությամբ ծանոթանալ տաճարի պատմությանը։
«Մի հատ փոքր սյուն դրեք, QR կոդը` վրան։ Տաճարի մասին կարող է լինել ձայնային ինֆորմացիա, այսինքն` էլեկտրոնային գիդ լինի, որը կպատմի ամեն ինչ։ Այսինքն`մարդն ականջակալները դրած գա, պտտվի ու իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ստանա»,-ասաց նա։
Նշենք, որ նախագծի հեղինակը Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է, առայժմ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի տաճարի վերջնական տեսքը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ է առաջին փուլը:
Երերույքը հին հայկական եկեղեցի է, որը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին՝ Անիպեմզա գյուղի մոտ։ Այն եռանավ բազիլիկ եկեղեցիէ, որը կառուցվել է 4-5-րդ դարերում՝ հեթանոսական խորանի տեղում: Տաճարը կառուցվել է բաց նարնջագույն տուֆից և կանգնած է եղել 6 սյուների վրա: Այժմ եկեղեցին կիսավեր է:
Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է «երերալ» բառից, քանի որ հեռվից թվացել է, թե սյուների վրա կանգնած տաճարը երերում է։ Եկեղեցու «երերացող» շենքը հայ ճարտարապետության պատմության արժեքավոր նմուշներից մեկն է: Մասնագետները կարծում են, որ այն միջնադարյան Հայաստանի ամենամեծ եկեղեցին էր:
Հավելենք, որ Երևանից Երերույք հնարավոր է հասնել 1 ժամ 20 րոպեում։