ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Արարատ Միրզոյանը և «3+3» հարթակի մյուս արտգործնախարարները Ստամբուլում հանդիպում են Էրդողանի հետ։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ բանակցությունները մամուլի համար փակ են եղել։
Հիշեցնենք` «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվել է Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցում քննարկումներին։ Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։
Նշենք, որ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Երևանը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն աջակցելու խնդրանքով դիմել է Անկարային, և Թուրքիան արդեն ջանքեր է գործադրում այդ նպատակին հասնելու համար: