ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ստամբուլում «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում «3+3» ձևաչափի շրջանակում ԱԳ նախարարների հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել Թուրքիայի հետ։
Հիշեցնենք` 2021 թվականի վերջից Երևանն ու Անկարան սկսել են բանակցություններ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ նշանակելով հատուկ ներկայացուցիչներ։
2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս մնում է չլուծված։
Դիվանագետներն արդեն մի քանի հանդիպում են ունեցել, որոնցից վերջինը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին: