Լավրովը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ

Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում հանդիպել է թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Լավրովը Ստամբուլ է մեկնել երեկ` մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը։
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվել է Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցում քննարկումներին։ Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։
Երևանի ժամանակով 17:00-ին նախարարները հանդիպելու են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։