ՀՀ–ն և Թուրքիան միասին կգնահատեն երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները. Միրզոյան

Արարատ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի–Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի–Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը, Ստամբուլում տեղի ունեցած «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանն իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի–Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Սա լրացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը հիշեցրել է, որ Ադրբեջանին հայկական կողմն առաջարկել է իր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ:
ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կամրջի համատեղ գնահատումից հետո Հայաստանն արդեն ավարտել է Հայաստան–Թուրքիա սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվել է Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցում քննարկումներին։ Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։
Երևանի ժամանակով 17:00-ին նախարարները հանդիպելու են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։