Հանրությունը պատրաստ է համակվել լավատեսությամբ, բայց գաղտնի մի պահեք լավատեսության հիմքերը

ՔՊ–ի նախընտրական պաստառ. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանյան հանրությունում արդեն վաղուց չեն գերիշխում լավատեսական տրամադրությունները։
Sputnik
Գոնե Հյուսիսային Մակեդոնիային սեփական դաշտում չպարտվեինք։ Բայց արժանին մատուցենք մեր երկրի ղեկավարությանը, որը նույնիսկ ամենածանր պահերին ոչ միայն չի կորցնում լավատեսությունը, այլև աշխատում է վարակել մեզ ապագայի նկատմամբ հավատով։ Օրերս հանրապետության վարչապետը խոստովանեց. «Այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին։ Դա կապված է հետևյալի հետ, որ 2018, 2019 թվականներին, երբ ես մտածում էի ապագայի մասին, ապագա տանող ճանապարհների մասին, այդ բոլոր ուղիներով գնալիս մտածողության հարթության մեջ մտնում էի փակուղի՝ շարունակություն չտեսնելով կամ տեսնելով այլ բան»:
Իսկապես չափազանց կարևոր խոստովանություն էր։ Ես համենայնդեպս առաջին անգամ եմ լսում, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ բոլորս հսկայական ոգևորությամբ ազգովի քվեարկում էինք նոր ուժի օգտին, այդ ուժի առաջնորդի համար մեր ժողովրդի ապագան փակուղային էր, շարունակություն չուներ։ Բայց չսևեռվենք այդ մռայլ անցյալի վրա, անցան տարիներ, և արդեն 2021 թվականին Երևանի շենքերի պատերին, նույնիսկ ավտոբուսների կանգառներում հայտնվեցին հուսադրող բառերը՝ «Ապագա կա′»։ Կրկին մեջբերեմ. «Այսօր իրավիճակն ուրիշ է. բազմաթիվ ռիսկեր կան, բայց ես տեսնում եմ այդ ռիսկերի հաղթահարման, կառավարման հնարավորություն և այդ ռիսկերի կառավարման արդյունքում՝ հետագա ճանապարհի շարունակություն»,- ասաց վարչապետը։
Փառք Աստծո, ուրեմն այն վեց տարիները, որոնց ընթացքում պետությունը ղեկավարում էին «թավշյա հեղափոխությունն» իրականացրած մարդիկ, զուր չեն անցել, նրանք հսկայական փորձ են ձեռք բերել՝ թե ինչ գնով, չմանրամասնենք, կարևորն այն է, որ այժմ արդեն իշխանությունները հրաշալի գիտեն, թե ինչպես պետք է հաղթահարել ռիսկերը։ Դա չափազանց հուսադրող է, բայց մեր չափից ավելի բծախնդիր ու պահանջկոտ ժողովուրդը այնուամենայնիվ հարց է տալիս՝ բա ինչո՞ւ մեզ էլ չեք ասում, թե ինչի շնորհիվ պիտի դուրս գանք այն ծանր իրավիճակից, որը մեզ այսքան հոռետես է դարձրել։
Ախր, նույնիսկ Վլադիմիր Զելենսկին, որը բավական երկար ժամանակ, չգիտես ինչու, թաքցնում էր իր սեփական երկրի քաղաքացիներից այսպես կոչված «հաղթելու պլանը», վերջապես հրապարակեց այն ոչ միայն ամերիկյան և եվրոպական մայրաքաղաքներում, այլև Կիևում։ Ճիշտ է, արևմտյան լրատվամիջոցները փաստեցին՝ հիմա միանգամայն պարզ է, թե ինչու այդ 5-կետանոց ծրագիրը սկզբում գաղտնազերծվեց Վաշինգտոնում և Բրյուսելում. ուղղակի գրեթե բոլոր պահանջները Արևմուտքին են ուղղված։ Այլ հարց է, թե որքանով են իրատեսական դրանք, բայց գոնե ծրագիրը կա։ Հայաստանի ղեկավարությունը ունի՞ նման 5-կետանոց ծրագիր։ Լա՛վ, գոնե մեկկետանոց։
Ասում եք՝ Խաղաղության պայմանագի՞րն է։ Չեմ կարող մանրամասն խոսել այդ պայմանագրի մասին շատ պարզ պատճառով. ոչ մի ստույգ տեղեկություն չունեմ ո′չ համաձայնեցված, ո′չ էլ չհամաձայնեցված հոդվածների մասին՝ ի տարբերության շատ գործիչների ու վերլուծաբանների, որոնք խորհրդավոր տեսքով պնդում են՝ հավաստի աղբյուրներից ամեն ինչ էլ գիտեմ, բայց, կներե՛ք, չեմ կարող բացահայտել։ Խոսքը լրիվ այլ բանի մասին է. պարզապես հետաքրքիր է՝ իսկ ունե՞ն արդյոք Հայաստանի իշխանություններն, ինչպես ասում են, «պլան Բ», որը կգործի այն դեպքում, եթե Ադրբեջանը շարունակի անվերջ ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ընդ որում, միանգամից ասեմ՝ բոլորովին չեմ ակնկալում, որ մեր իշխանությունները գաղտնազերծեն այդ երկրորդ պլանի մանրամասները, պարզապես ուզում եմ իմանալ՝ ունե՞նք, թե՞ չունենք։
Ինչո՞վ է պայմանավորված իմ և, կարծում եմ, ոչ միայն իմ մտահոգությունը։ Տեսե՛ք։ Եթե ընդհանրապես չդիտարկենք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվում են ստիպողաբար, որպես կապիտուլյացիա, ապա ցանկացած մասնագետ կհավաստի՝ սովորաբար կողմերը ձգտում են երկկողմ պայմանագիր կնքել այն դեպքում, երբ այդ փաստաթղթի գոյությունն ավելի մեծ օգուտ է բերում, քան չգոյությունը։ Մեր իշխանությունները համոզված են կամ համոզում են մեզ, որ հայկական կողմի համար խաղաղության պայմանագիրը շատ շահեկան է, որովհետև գոնե ինչ-որ չափով կերաշխավորի Հայաստանի անվտանգությունը, կզսպի Ադրբեջանին։ Չեմ ցանկանում վիճաբանություն ծավալել այս հարցի շուրջ, ենթադրենք, թե այդ համոզմունքը միանգամայն արդարացված է։
Հիմա փորձենք նույն պայմանագիրը դիտարկել ադրբեջանական տեսակետից։ Իրենց համար շահեկա՞ն է։ Ամբողջ օրը հոխորտում են, թե Հայաստանը զինվում է, ռևանշի է ձգտում։ Անկեղծ ասեք՝ դուք հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանն այսօր վախենում է հայկական ագրեսիայից։ Իսկ եթե չի վախենում, ինչո՞ւ պիտի մեզ նման շահագրգիռ լինի, որ փաստաթուղթը օր առաջ ստորագրվի։ Չէ՞ որ նաև նստած է մեր որոշ սահմանային դիրքերում, իսկ այդ հարցն ինչ-որ կերպ պիտի կարգավորվի։ Կարող եմ առնվազն ևս մի 10 պատճառ բերել, թե ինչու Իլհամ Ալիևը ամենևին չի շտապում այս պայմանագրի հարցում։ Ուղղակի ժամանակ չկա։ Մխիթարվենք նրանով, որ առնվազն Հայաստանի ղեկավարությունն արդեն շատ լավ գիտի, թե ինչպես պետք է հաղթահարել մեր ապագայի ճանապարհին եղած բոլոր խոչընդոտները։ Ու համակվենք լավատեսությամբ՝ երբեք չմոռանալով ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի ղեկավարի հնչեցրած խորհուրդը. «Լավ ասենք, որ լավ լինի»։