ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել Թուրքիայի հետ։ Այս մասին Ստամբուլում «3+3» ձևաչափի շրջանակում ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով ՝ Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է, որ այդ գործընթացը սկսվի, միանա նաև Իրանը, աակայն դեռևս հանդիպումներ չեն նախատեսվում:
«Հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ այժմ պետք է թուրքերի հետ ուղիղ շփվել և հասկանալ, թե ինչ է պետք անել»,– ասաց Լավրովը։
Նա ընդգծեց, որ ամեն դեպքում Երևանի և Անկարայի հարաբերությունները կապված են հայ–ադրբեջանական կարգավորման հետ: Այդ իսկ պատճառով հանդիպման ժամանակ առաջարկվել է այդ հարցերը քննարկել միասին և ներգրավվել նաև այլ երկրների, որպեսզի Հայաստանը, Թուրքիանը և Ադրբեջանը հնարավորինս շուտ պայմանավորվեն:
«Ռուսաստանն ու Իրանն իրենց հերթին պատրաստ են աջակցել, եթե դրա համար լինի անմիջական մասնակիցների հետաքրքրությունը»,– եզրափակեց նա:
Հիշեցնենք` 2021 թվականի վերջից Երևանն ու Անկարան սկսել են բանակցություններ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ նշանակելով հատուկ ներկայացուցիչներ։
2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս մնում է չլուծված։
Դիվանագետներն արդեն մի քանի հանդիպում են ունեցել, որոնցից վերջինը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին: