ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik․ Կենսաչափական անձնագրեր և կենսաչափական նույնականացման քարտեր Հայաստանի Հանրապետությունում կունենանք 2026 թվականի կեսերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքացուն նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր տրամադրելու շուրջ միջազգային հեղինակավոր 3 կազմակերպության հետ բանակցություններն ավարտվել են։
Դավթյանի խոսքով՝ դեռ մեկ ու կես տարի առաջ մեկնարկել էին շուկայի ուսումնասիրության և տեղական ու միջազգային դերակատարների հետ վերլուծություններ, բանակցություններ անցկացնելու գործընթացները։ Այդ ամենի արդյունքում կայացել էր որակավորման փուլը, որին ազատ էին մասնակցելու ոլորտի աշխարհի բոլոր դերակատարները։ Եղան որոշակի թվով դիմողներ, ընտրվեցին 3 հեղինակավոր միջազգային կազմակերպություններ։
Հոկտեմբերի 10–ին արդեն հայտարարվել է մրցույթ բուն առաջարկի համար, որը պետք է բաղկացած լինի երկու մասից՝ տեխնիկական և ֆինանսական։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունվարի 8-ն է, հաջորդելու է գնահատման ընթացքը, որի համար ձևավորվել է գնահատման հանձնաժողով (նախագահը ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն է, տեղակալը՝ ՀՀ ՆԳՆ ՄՔԾ պետի տեղակալ Նելլի Դավթյանը)։ Գնահատումից հետո 2 ամիս է տրված պայմանագիր-նախագիծը վերջնական տեսքի բերելու և ստորագրելու համար։ Դրանից հետո մեկնարկում է պետություն-մասնավոր համագործակցության 11 տարին։
«Պայմանագրի կնքումից հետո մասնավորը 1 տարին պետք է տրամադրի ներդրումներ և կապիտալ ծախսեր անելուն, ենթակառուցվածքը հիմնելուն, որ հաջորդող 10 տարիներն արդեն ծառայությունը մատուցելու և եկամուտ գեներացնելուն ուղղված լինեն, որպեսզի ծրագիրը մասնավորի համար լինի ծախսարդյունավետ և եկամտաբեր»,- նշեց Դավթյանը։
Նրա խոսքով՝ 2026թ․ կեսերին արդեն կունենանք նոր փաստաթղթերը։
Կենսաչափական անձնագրերից բացի ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու են նաև կենսաչափական նույնականացման քարտեր՝ էլեկտրոնային կենսաչափական կրիչով, որը պարունակում է բիոմետրիկ տվյալներ, այսինքն՝ այնպիսի տվյալներով, որոնք կեղծել հնարավոր չէ։