ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) խորհուրդը հոկտեմբերի 18-ի նիստում հաստատել է դեղամիջոցների կարգավորման ընդհանուր մոտեցումները: Ինչպես հաղորդում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը, միասնական մոտեցումները վերաբերում են դեղերի կլինիկական փորձարկումների տվյալների հավաքագրմանը և օգտագործմանը: Դա թույլ կտա դեղերը գրանցել միասնական կանոններով, այսինքն՝ դրանք ավելի արագ դուրս բերել Միության շուկա։
Ի թիվս այլ որոշումների՝ թանկարժեք մետաղների որոշ համաձուլվածքների տուրքը զրոյացվել է 3 տարով (մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) ։
«Ներկայումս ԵԱՏՄ-ում թանկարժեք մետաղների շուկան արտադրական հզորությունների լիարժեք օգտագործման համար անբավարար պաշարներ ունի։ Հաշվի առնելով ԵԱՏՄ որոշ պետությունների նկատմամբ տնտեսական սահմանափակումները՝ բիզնեսը սկսում է մատակարարման համակարգեր կառուցել նոր գործընկեր երկրների հետ»,-ասել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։
Մաքսատուրքի զրոյացումը կօգնի ոսկերչական գործարաններին և կբարձրացնի դրանց մրցունակությունը։
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է հագուստի մի շարք տեսակների (այդ թվում՝ մանկական) նոր սերնդի (ապրանքի յուրաքանչյուր միավորը նույնականացնող) մակնշման ներդրումը։ Ցանկության դեպքում ԵԱՏՄ երկրները կարող են 2025 թվականի մարտի 1-ից արգելել չմակնշված արտադրանքի շրջանառությունը։