Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

Ապարան
2024 թ. երիտասարդական մայրաքաղաք էր հռչակվել Գավառը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով` այս ծրագրի շրջանակում պետական տարբեր կառույցների և միջազգային գործընկերների ուղղորդում են՝ այդ տարվա երիտասարդական մայրաքաղաքը դիտարկել որպես տարբեր միջոցառումների անցկացման առաջնային վայր:
Փորձագիտական հանձնաժողովի անդամները նշել են, որ հայտատու քաղաքներից որևէ մեկը բացարձակ առաջատարի դիրքերում չի գտնվել. ուսումնասիրման արդյունքում յուրաքանչյուրն ունեցել է ուժեղ և թույլ կողմեր:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք էր հռչակվել Գավառը:
Մրցույթն իրականացվում է 2014 թ. ի վեր։ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդը՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետև՝ Կապանը (2021), 2022-ին՝ Հրազդանը, Մեծամորը (2023)։