Անձրևաջրերը լցվել են դասասենյակներ, բայց երաժշտական գործիքները եղել են ցելոֆանապատ․ ռեկտոր

Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ասել է, որ Կոնսերվատորիայի որոշ աշխատակիցներ երեկ հերթապահության են մնացել, ղեկավարությունը ևս շենքում է եղել։ Ամեն ինչ արել են հնարավոր հետևանքները մեղմելու համար։
Sputnik
«Երեկվա հորդառատ տեղումների հետևանքով անձրևաջրերը լցվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մի քանի դասասենյակներ, սակայն երաժշտական գործիքները չեն թրջվել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը։
Մովսիսյանի խոսքով՝ դասասենյակներում առկա բոլոր երաժշտական գործիքները եղել են ցելոֆանապատ։ Անձրևաջրերը լցվել են դասասենյակներ, թրջվել են առաստաղը, պատերը, քանի որ երկու մասնաշենքերում էլ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում, և տանիքը բաց է։