Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար 1000 դրամի փոխարեն այսուհետ պետական տուրք կսահմանվի 50 հազար դրամ, իսկ քաղաքացիության դադարեցման համար նախկին 25 հազար դրամի փոխարեն՝ 150 հազար դրամ։
Դրույքաչափերի բարձրացումը չի տարածվելու փախստականների, այդ թվում` Արցախից բռնի տեղահանված անձանց վրա։ Գործող դրույքաչափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում չեն վերանայվել, կառավարության նիստում արձանագրել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետտուրքի բարձրացմանը զուգահեռ պետք է սահմանվեն նաև արտոնություններ։