ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հարթակում «ՀաքԱտոմ․ փորձարկիր մոդելավորման ունակություններդ» խորագրով մաթեմատիկական մոդելավորման մասշտաբային մրցումներ են մեկնարկել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Մրցումները կազմակերպվել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախաձեռնությամբ, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ:
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դարավոր են։ Խորհրդային Միության ատոմային էներգետիկայի զարգացման գործում Հայաստանի ներկայացուցիչների ներդրումը իսկապես նշանակալի է։ Այսօր դուք կբացահայտեք Ռոսատոմի թվային լուծումները։ Գաղտնիք չէ, որ ֆիզիկամաթեմատիկական մոդելավորումը, թվային մոդելավորումը, թվային նմանակների ստեղծումն արդեն իսկ իրականություն են: Նման նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ինժեներական բարդ խնդիրների լուծումը գործընթացը դարձնում է զգալիորեն ավելի արդյունավետ»,- նշել է «Ռոսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը։
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ ընդգծել է, որ իր ներկայացրած կազմակերպության համար շատ կարևոր է աջակցել նման միջոցառումներին: Սա ոչ միայն ներդրում է գիտության զարգացման գործում, այլև միավորում է տարբեր երկրների տաղանդավոր մարդկանց։
Վադիմ Ֆեֆիլով
© Photo : Русский дом в Ереване
Մրցումները կտևեն 2 օր, Հայ-ռուսական համալսարանի, Պոլիտեխնիկի և մայրաքաղաքի դպրոցների ու քոլեջների 7 թիմեր կպայքարեն մաթեմատիկական մոդելավորման խնդիրների լավագույն լուծման համար: