Ռուս գիտնականներն ուսումնասիրում են կլիմայի փոփոխության կապը ամպրոպների աճի հետ

Գլոբալ տաքացումը հանգեցնում է որոշ բնական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես՝ կայծակով ամպրոպների հաճախականության ավելացմանը և դրանից տուժող մարդկանց ու կենդանիների հետ դժբախտ պատահարների թվի աճին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Սիբիրում գիտնականները մթնոլորտային էլեկտրականությունը հետազոտելու փորձեր են սկսել. գլոբալ տաքացման պայմաններում մեծանում է կայծակից խոցման վտանգը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Տոմսկի պետական համալսարանում (ՏՊՀ): Կայծակների և ուժեղ ամպրոպային ակտիվությամբ տարածքի առաջացման օրինաչափությունները պարզելու գործին ձեռնամուխ են եղել ՏՊՀ-ի և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի կլիմայական և բնապահպանական համակարգերի մոնիթորինգի ինստիտուտի գիտնականները:
«Ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է խոնավության ավելի մեծ գոլորշիացման։ Մթնոլորտ մուտք գործելիս առաջանում են հզոր կոնվեկտիվ ամպեր, որոնցում ձևավորվում են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են կարկուտը, ամպրոպները: Եվրոպական հետազոտություններով հաստատվող վիճակագրություն կա, ըստ որի՝ միջին տարեկան ջերմաստիճանը մեկ աստիճանով բարձրանալիս կայծակի քանակը տարեկան ավելանում է 10-12%-ով»,-ասել է ՏՊՀ-ի Երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետի Օդերևութաբանության և կլիմայագիտության ամբիոնի պրոֆեսոր Վալենտինա Գորբատենկոն։
Մասնագետը նշել է, որ, օրինակ, Տոմսկում մինչև 1970-ականների կեսերը օդի միջին տարեկան ջերմաստիճանը բացասական էր (-0,5 աստիճան ըստ Ցելսիուսի), իսկ հետո ավելի ու ավելի հաճախ էր դրական դառնում: Իսկ վերջին տասնամյակում միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 1,8 աստիճան։ Դա հանգեցրել է նրան, որ տարածաշրջանի վրա ամպրոպային ամպերն ավելի հզոր են դարձել, և դրանցում ավելի շատ կայծակներ են ձևավորվում:
«Մթնոլորտում գլոբալ էլեկտրական շղթայի գործունեության օրինաչափությունները հասկանալու և ճշգրիտ կանխատեսումներ կառուցելու համար մթնոլորտային էլեկտրաէներգիայի մի շարք պարամետրերի հիմնարար ուսումնասիրություն է անհրաժեշտ: Առաջին փորձարկումները սկսվել են այս տարվա ամռանը Լեռնային Ալթայում՝ Չերգա գյուղի շրջանում»,-հայտնել են ՏՊՀ-ից։
Կայծակ և կարմիր լավա. Կամչատկայում ժայթքել է Շիվելուչ հրաբուխը
Համալսարանում նշել են, որ Լեռնային Ալթայը գրավիչ է զբոսաշրջիկների համար, ուստի այս տարածքի համար առաջին հերթին ամպրոպային ալիքների խտության քարտեզ է անհրաժեշտ: Այն նաև թույլ կտա նվազեցնել ենթակառուցվածքային օբյեկտներին կայծակի հարվածների վտանգը։ Ամպրոպային ակտիվության միտումների փոփոխության ուսումնասիրությունը կարևոր է նաև անտառային հրդեհների կանխարգելման համար: Գիտարշավի ընթացքում մասնագետները մթնոլորտային էլեկտրականության առաջին չափումներն են իրականացրել տարբեր ռելիեֆով տարածքներում։ Գիտնականները հետազոտությունների համար հետագա ֆինանսական աջակցության հույս ունեն։