Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել լկտի պահվածքի համար. մամուլի խոսնակ

Երբ Ռուբեն Հակոբյանը «Հայաստան» խմբակցության ղեկավարի աշխատասենյակից ուզում էր իրերը վերցնել, քաշքշուկ առաջացավ նրա և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն Ազգային ժողովի շենքից դուրս է բերվել ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների համար։ «Ֆեյբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտարարել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Նշենք, որ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ քաղաքագետ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հանդես եկավ խիստ քննադատական ելույթով՝ նշելով, մասնավորապես, որ պետք է ամեն գնով վռնդել իշխանություններին, իսկ ամեն գնով նշանակում է «ապստամբել, նշանակում է մահապարտների ջոկատներ կազմել և քշել իշխանություններին»։
«Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։ Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»,- նշել է Հարությունյանը։
Հավելենք, որ երբ Ռուբեն Հակոբյանը «Հայաստան» խմբակցության ղեկավարի աշխատասենյակից ուզում էր իրերը վերցնել, քաշքշուկ առաջացավ նրա և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև։ Ի վերջո նրան դուրս հանեցին ԱԺ շենքից։