ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ակտիվորեն ներգրավված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության դեմ արշավում: Նրա խոսքերը մեջբերում է Sputnik Գրուզիան։
Նախագահը, ինչպես պնդում է Պապուաշվիլին, իր գործողությունները համակարգում է օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ, ինչը Վրաստանի ինքնիշխանության խախտում է: Զուրաբիշվիլին նաև խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմադիր կուսակցությունների հետ տեխնիկական կառավարության ձևավորման շուրջ, որը, ըստ «Վրացական խարտիայի» (Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ներկայացրած գործողությունների ծրագիրը՝ ի աջակցություն «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ 2023-2024 թվականներին անցկացված բողոքի ակցիաների, – խմբ․), պետք է բարեփոխումներ իրականացնի և 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո կազմակերպի արտահերթ ընտրություններ:
Խոսնակը քննադատել է նախագահի գործողությունները՝ ընդգծելով, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և ուղղակիորեն մասնակցում է վարչապետի թեկնածուների ընտրությանը՝ դրանով իսկ խախտելով Սահմանադրությունը:
Պապուաշվիլին հիշեցրել է, որ Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է ընտրություններից առաջ տեխնիկական կառավարության կազմը ներկայացնելու մտադրության մասին՝ ընդդիմությանը կոչ անելով սատարել «Վրացական խարտիային»:
Բացի այդ, խորհրդարանի ղեկավարը վրդովմունք է հայտնել, որ նախագահը շարունակում է արտերկրյա այցերը առանց կառավարության հավանության՝ չնայած այդ գործողությունների հակասահմանադրական լինելու մասին դատարանի որոշմանը:
«Նա իր այս թղթով մեկնում է արտերկիր և համաձայնեցնում է մեր ներքաղաքական կարգը օտարերկրյա քաղաքական առաջնորդների հետ, ինչը նրա կողմից երկրի ինքնիշխանության և Սահմանադրության խախտում է։ Այսինքն՝ նախագահն իրեն բացարձակապես դուրս է դնում բոլոր շրջանակներից», – նշել է Պապուաշվիլին։
Պապուաշվիլին հավելել է, որ իշխող կուսակցությունը կարող է վերսկսել նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթացը, եթե նա շարունակի խախտել Սահմանադրությունը։
Խորհրդարանի նախագահը նաև մեղադրել է մի շարք տեղական ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» ՀԿ-ին՝ ընտրությունների մասին զեկույցները կեղծելու և բողոքի տրամադրությունները բորբոքելու փորձերի համար:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ՝ 2020, 2022 և 2024 թվականներին, այդ ՀԿ-ները հեղափոխություններ կազմակերպելու փորձեր էին ձեռնարկել՝ օգտագործելով քվեների հաշվարկի սխալները և կառավարության դեմ բողոքի ակցիաները:
«Նրանք պատրաստվում են կազմել կեղծ զեկույցներ՝ ընդդիմության հուզումներ կազմակերպելու համար։ Նախատեսվում է 2020 թվականի սցենարի կրկնություն», – հայտարարել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի ղեկավարը նախազգուշացրել է ապակայունացման հնարավոր հաջորդ փորձի մասին՝ ներկայիս իրավիճակը համեմատելով 2020 թվականի իրադարձությունների հետ, երբ քվեների սխալ հաշվարկն ընդդիմության բողոքի առիթ դարձավ: