Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սինվարի ոչնչացումը

Իսրայելը Սինվարին հետապնդում էր մի ամբողջ տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Յահյա Սինվարի ոչնչացման լուրը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ ստուգում է տեղեկատվությունը, թե արդյոք ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը Գազայի հատվածում վերջին գործողություններից մեկի ժամանակ եղել է պաղեստինյան արմատական ​​խմբավորումների ոչնչացված անդամների շարքում։
«Իսրայելի պաշտպանության բանակն ու Անվտանգության ընդհանուր ծառայությունը հաստատում են, որ մեկ տարվա հետապնդումից հետո երեկ՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ին, Իսրայելի հարավային հրամանատարության զինվորները վերացրել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Յահյա Սինվարին։ Դա տեղի է ունեցել Գազայի հատվածի հարավում իրականացրած գործողությունների ընթացքում։ Յահյա Սինվարը հոկտեմբերի 7-ին ծրագրել և իրականացրել էր ջարդ, քարոզում էր իր մահաբեր գաղափարախոսությունը և՛ պատերազմից առաջ, և՛ դրա ընթացքում, ինչպես նաև պատասխանատու է եղել բազմաթիվ իսրայելցիների սպանության և առևանգման համար, – ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։