ՀՀ–ում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար աղջիկ չի ծնվել. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կարծում է, որ ՀՀ բնակչության կառուցվածքի դեգրադացիայի պատճառներից մեկն էլ սելեկտիվ աբորտներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում առաջիկա տարիներին աղջիկների թվաքանակի հետ կապված խնդիր ենք ունենալու։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` պատճառը սելեկտիվ աբորտներն են. ՀՀ–ում շատերը ձգտում են ունենալ տղա երեխա, մինչդեռ շուտով աղջիկ երեխաների և, հետևաբար, վերարտադրողականության խնդիր ենք ունենալու։ Փաշինյանը կարծում է, որ այս հարցը լուրջ մոտեցում է պահանջում։
«Հենց սկսում ենք խոսել, 15–րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի, ու սա լուրջ խնդիր է։ Մենք մեր պրոբլեմների խորությունը չենք գիտակցում, ու մենք պետք է վերադառնանք բովանդակություններին, խոսելու կուլտուրային»,– ընդգծեց նա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն իր հերթին նշեց, որ ներկայիս ՀՀ բնակչության կառուցվածքի դեգրադացիայի պատճառներից մեկը նաև սելեկտիվ աբորտներն են։
Ընդդեմ հղիության ընդհատումների և վաղ ամուսնությունների․ պատգամավորները դրամաշնորհ կստանան
«Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն` շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն իսկ վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»,– հայտարարեց նախարարը։
Կառավարության նիստի ժամանակ նաև նշվեց, որ հատկապես աշխատող մայրերի համար պետք է համապատասխան պայմանները ընդլայնել։ Մասնավորապես նշվեց, որ մանկապարտեզներում մսուրային խմբերի քանակը պետք է ընդլայնել։
«Աղջի՞կ. կարևորը` առողջ բալիկ լինի». սոցիալական արշավ ընդդեմ սելեկտիվ աբորտների