ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը կերկարաձգի ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի գործողության ժամկետը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը հավանություն է տվել համաձայնագիրը երկարաձգելու պաշտպանության նախարարության առաջարկին:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նկատեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականին Վաշինգտոնում և երկու անգամ երկարաձգվել է:
«Այս համաձայնագիրը կնքվել է 7 տարի ժամկետով, որի գործողությունն արդեն երկու անգամ երկարաձգվել է` 2009 թվականի մայիսի 15–ին և 2016 թվականի նոյեմբերի 25–ին ստորագրած համաձայնություններով»,–ասաց փոխնախարարը։
Այս անգամ էլ առաջարկվում է գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2030 թվականի նոյեմբերի 30-ը։
Պատգամավորները կողմ քվեարկեցին երկարաձգմանը և հարցը ներառեցին խորհրդարանի նիստի օրակարգում:
Հավելենք, որ համաձայնագիրը երկրների միջև ստորագրվել է 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաև այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական և քիմիական զենքերի, ինչպես նաև այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով: