ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայկական պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կենտրոնակայանում կայացած հանդիպմանը ցուցադրել է «Մեկ պատուհան» ազգային համակարգի աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Հայկական կողմը ներկայացրել է, թե ինչպես են ձևակերպվում ապրանքների արտահանումն ու տարանցումը, ինչպես են քաղաքացիները փաստաթղթեր ստանում և անհրաժեշտ վճարումներ անում։
ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը հանդիպում է անցկացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանյան փորձագիտական կենտրոնի՝ Ռուսաստանի արտաքին տնտեսական գործունեության ոլորտում «Մեկ պատուհան» համակարգի օպերատորի ներկայացուցիչները: Դավիդովն ընդգծել է ԵԱՏՄ երկրների ազգային մարմինների կողմից տրվող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համար պայմաններ ստեղծելու (այդ թվում՝ «միասնական պատուհանների» հնարավորությունների օգտագործմամբ) կարևորությունը:
Հայաստանի «Մեկ պատուհանը» 17 գերատեսչություն է միավորում ՝ ապահովելով ավելի քան 30 պետական ծառայությունների հասանելիություն: 2014 թվականից գործող հարթակը կառավարվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից: