ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ապագայի վերաբերյալ կանխատեսումներում շատ ավելի լավատես է, քան 2018 կամ 2019 թվականներին: Այս մասին Փաշինյանը հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։
«Համոզված եմ, որ սա շատերի համար տարօրինակ հայտարարություն է, և այդ մասին ես հրապարակային հայտարարում եմ առաջին անգամ՝ ընդգծելու համար միջավայրի կարևորությունը: Դա կապված է հետևյալի հետ, որ 2018, 2019 թվականներին, երբ ես մտածում էի ապագայի մասին, ապագա տանող ճանապարհների մասին, այդ բոլոր ուղիներով գնալիս մտածողության հարթության մեջ մտնում էի փակուղի՝ շարունակություն չտեսնելով կամ տեսնելով այլ բան»,- ասել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ այսօր որոշակիորեն ուրիշ է իրավիճակը, որովհետև տեսնում է բազմաթիվ ռիսկեր, բայց տեսնում է նաև այդ ռիսկերի հաղթահարման, կառավարման հնարավորություն և այդ ռիսկերի կառավարման արդյունքում՝ հետագա ճանապարհի շարունակություն:
«Իսկ ի՞նչ է այդ ճանապարհի վերջը կամ ո՞րն է այդ ճանապարհի այն տեսական նպատակը, որ ուզում ենք մենք գործնականում իրականացնել: Մենք դա անվանում ենք Իրական Հայաստանի հայեցակարգ, այն ուղիղ կապ ունի պետություն հասկացության հետ, որի իմաստը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը և պետությունն ընդհանրապես ունի շատ գործնական նպատակ և գործիք է սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: Ոչ թե գործիք է, հենակետ է կամ պլացդարմ, ինչ-որ ավելի ընդարձակ կամ ավելի մեծ պետություն ունենալու համար, այլ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է՝ այն ըմբռնմամբ, որ բարեկեցություն ասելով՝ պետք է հասկանալ ազատությունը, արդարությունը, անվտանգությունը և այս երեք հիմնական հասկացություններից բխող այլ հասկացություններ»,- նշել է վարչապետը:
«Ռենդերֆորեսթ» ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ Ընկերությունն ունի շուրջ 26 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում, իսկ G2 ընկերության կողմից ընդգրկվել է 2019 թ. աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում՝ լինելով ցանկի միակ հայկական ընկերությունը։