ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին Հայաստանում սեզոնային գրիպի ակտիվություն չկա։ Կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այս պահին ակտիվություն չունենք, հանգիստ իրավիճակ է։ Սակայն դա չի նշանակում, որ առջևում նման ռիսկ չունենք։ Հորդորում եմ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2,5 շաբաթվա ընթացքում (hոկտեմբերի 11-ի դրությամբ) Հայաստանում 28 982 մարդ է պատվաստվել գրիպի դեմ։
Պատվաստումներն իրականացվում են ՀՀ բոլոր պոլիկլինիկաներում, ժամը 09։00-17։00–ն։ Քաղաքացիները, բացի պոլիկլինիկաներից, կարող են մոտենալ նաև շարժական պատվաստումային կետեր և, անկախ կցագրման վայրից, արագ պատվաստվել: Հյուսիսային պողոտա-Աբովյան փ. խաչմերուկին հարող տարածքում և Վերնիսաժին հարող տարածքում (Խաչքարերի պուրակ) տեղադրված շրջիկ կետերում քաղաքացիները կարող են պատվաստվել յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։