Գազայի հատվածի բնակիչների մոտ 86%–ը սննդի սուր պակաս ունի. ԱՀԿ

ԱՀԿ
Կազմակերպությունը նշել է, որ սեպտեմբերին Գազա է մուտք գործել առևտրային և հումանիտար բեռների ամենացածր ծավալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածի բնակչության շուրջ 86%-ը սննդի սուր պակաս ունի։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում հրապարակված զեկույցում։
«Գազայի հատվածի բնակչության 86 տոկոսը պարենի սուր պակաս ունի, գրեթե 133 հազար մարդ բախվել է սովի խնդրին, և առաջիկա ամիսներին այդ թիվը կկրկնապատկվի», - ասվում է փաստաթղթում:
Կազմակերպությունը հավելել է, որ տարհանման հրամաններն ու իսրայելական զորամասերի ռազմական հարձակումը լրջորեն խաթարել են հումանիտար գործողությունները։
«Սեպտեմբերին Գազա է մուտք գործել 2024 թվականի մարտից ի վեր առևտրային և հումանիտար բեռների ամենափոքր ծավալը։ Այս կտրուկ նվազումը լրջորեն կսահմանափակի պարենի հասանելիությունը և ծառայություններից օգտվելու հնարավորությունն առաջիկա ամիսներին», - կարծում են ԱՀԿ փորձագետները։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։
Իսրայելին բազմիցս մեղադրել են Գազայի հատված մարդասիրական բեռների առաքումը խոչընդոտելու և դրանց տեղափոխման համար խիստ սահմանափակումներ մտցնելու մեջ: Սակայն հրեական պետությունը հերքում է այդ հայտարարությունները՝ վստահեցնելով, որ մեկ տարվա ընթացքում պաղեստինյան անկլավի տարածք է ներմուծվել ավելի քան 900 հազար տոննա մարդասիրական օգնություն:
Ավելի քան 20 մարդ է մահացել Գազայում գտնվող դպրոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով