ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հանրային գերակա շահ ճանաչված Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի տարածքը նոր ձեռքբերող ունի` «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ–ն։ Նրա հետ Երևանի քաղաքապետարանը պայմանագիր կկնքի` ավարտին հասցնելու համար քաղաքաշինական ծրագրի իրականացումը։ Այդ մասին նշված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունված որոշման մեջ։
«Պայմանագրի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքների նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ՝ ձեռքբերող ճանաչելով արդեն «Էլիտ Հոլդինգ» ընկերությանը և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ կարդիականացվի թաղամասի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը և կդառնա ներդաշնակ արդեն իսկ կառուցապատված հարակից տարածքներին:
Հիշեցնենք, որ 2018 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ թաղամասի ձեռքբերող էր ճանաչվել «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ–ն, որի հետ, սակայն, պայմանագիրը խզվել է, քանի որ ընկերությունը սահմանված ժամկետներում դեպոզիտ հաշվին չի հանձնել փոխհատուցման գումարը:
Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի ՝ «33-րդ» թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։ Հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ,- խմբ.), գլխավոր ճարտարապետը՝ Հովհաննես Մութաֆյանը։
Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:
Թաղամասի կառուցապատումը նախատեսվում էր ավարտել 2023-2024 թվականներին: