Ֆիդանը հաստատել է. Էրդողանը կհանդիպի Միրզոյանի հետ

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին Էրդողանի հետ «3+3» ձևաչափի մասնակից երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին։ Այժմ տեղեկությունը հաստատել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է ընդունել Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին, որոնք ժամանել են Ստամբուլ՝ «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարածաշրջանային «3+3» ձևաչափով հարթակի հանդիպման ժամանակ թուրք նախարարը հայտարարելու է, որ աջակցելու է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 18–ին Ստամբուլում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել են, որ կմասնակցեն հանդիպմանը։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցի քննարկումներին։