ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայ բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս է եկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Կիսաեզրափակիչում հայ մարզուհին մրցեց լատվիացի Աննա Սորոկինայի հետ ու, բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն, հաղթեց 5:0 հաշվով: Էլիդան ոսկե մեդալը կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տետիանա Դովգալի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում է ու կփորձի պաշտպանել տիտղոսը:
Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Բացի Էլիդա Քոչարյանից, առաջնությանը մասնակցում են նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։