ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Աջափնյակ թաղամասում բախվել են երկու ավտոմեքենաներ, որի հետևանքով կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վթարի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 17:31-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1966 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է չշահագործվող խանութի պատին։ Շտապօգնության բժիշկը տեղում արձանագրել է Վ․ Ս․-ի մահը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։