Ավտոլվացման կետում 34-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Հր․Քոչարի փողոցի ավտոլվացման կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա երիտասարդին դանակահարած 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 14.36-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ Զարյան փողոցից «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ: Նա բժիշկների հայտնել է, որ վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ Քոչարի փողոցի ավտոլվացման կետում վիճաբանություն է եղել ավտոլվացողներ՝ 34-ամյա երիտասարդի և 17-ամյա տղայի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա վերջինս դանակահարել է 34-ամյա գործընկերոջը:
«Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 17–ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով (Առողջությանը ծանր վնաս պատճառելը)»,-նշված է հաղորդագրության մեջ։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Դատարանի որոշմամբ՝ 17–ամյա երիտասարդի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է։