ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար փախստականի վկայականի տրամադրման ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ը: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նույն որոշմամբ` 070 ծածկագրով վկայականների և անձնագրերի տվյալները, որոնք տրվել են ԼՂ բնակիչներին, վավեր են, եթե Հայաստանի սահմանը հատելիս դրանք ներկայացվում են փախստականի վկայականի հետ միասին:
Փախստականի վկայականների ավտոմատ (առանց նորերի տպագրման) երկարաձգման հնարավորությունը նախատեսվում է թողնել նաև հետագա տարիներին։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերի 26-ի նիստում հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:
Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այժմ 2 փաստաթուղթ ունեն, մեկն անձնագիրն է, որ նույնականացվում է «070» կոդով, մյուսը` փախստականի վկայականը։ Դրանցից յուրաքանչյուրը կարելի է առանձին-առանձին օգտագործել երկրի ներսում գործարքներ կատարելու, իրավահարաբերությունների մեջ մտնելու համար, բայց ճամփորդելու դեպքում երկու փաստաթղթի առկայություն էլ պարտադիր է։
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, որը գործածվում է ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս անձի պարագայում, գործում է մեկ տարի ժամկետով։